Ադրբեջանական Իսմայիլ քաղաքում, որտեղ վերջին օրերին չեն դադարում ցույցերը, ոստիկանությունը կալանավորել է Բաքվից եկած իրավապաշտպանների եւ լրագրողների խմբին:

Ըստ Turan գործակալության` մայրաքաղաքից ժամանած պատվիրակության մեջ ընդհանուր առմամբ  եղել է 20 մարդ:

Քաղաք մտնելու ճանապարհին` ճանապարհային ոստիկանության անցակետում լրագրողների եւ իրավապաշտպանների մեքենան կանգնեցրել են, ստուգել փաստաթղթերն ու հարցրել այցի նպատակը:

Երբ պատվիրակությունը հասել է քաղաք, բոլորին կալանավորել եւ տարել են ոստիկանական բաժանմունք: Մի քանի հոգու` ներառյալ Ռասուլ Ջաֆարովին, Բաշիր Սուլեյմանլուին եւ ուրիշների, տարել են տեղի ոստիկանապետի մոտ հացաքննության: Մյուսները սպասել են դրսում, գրում է contact.az-ը:

Իրավապաշտպաններն Իսմայիլ էին եկել` հունվարի 23-24-ի հուզումների ընթացքում եւ դրանից հետո իրենց կալանավորված բարեկամների հետ շփվելու նպատակով` իմանալու նրանց բողոքների, առաջադրված մեղադրանքների եւ ձերբակալվածների փաստաբանների թվի մասին: