Նախընտրական շրջանում լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ ակնհայտ ճնշումներ չեն արձանագրվել: Այդ մասին այսօր` հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ներկայացնելով 2012թ. զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների մասին:

Պատճառն, ըստ Մելիքյանի, այն է, որ նախագահական այս ընտրությունները չունեն այն թեժությունը, ինչ նախորդները: Համենայն դեպս, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ուշադիր եւ ընդհուպ մինչեւ ընտրությունների օրը հետեւելու է իրավիճակին, գործելու է կոմիտեի թեժ գիծը, ինչպես նաև արագ արձագանքման խումբը:

Փորձագետը նաեւ արձանագրեց, որ հեռարձակվող լրատվամիջոցները բաց են նախագահի բոլոր թեկնածուների համար: Նա ասաց, թե շարունակվում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ նկատվող միտումը` եթերում տեղ հատկացնել բոլոր թեկնածուներին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am