Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը պատասխանել է նախագահի թեկնածու Արման Մելիքյանի  հարցմանը: Այդ մասին այսօր՝ հունվարի 29-ի մամուլի ասուլիսում հայտնել է անձամբ Մելիքյանը: 

«Իմ  հարցմանը պատասխանել են, որ 2007թ. մինչեւ 2013թ. հունվարի 16-ը Հայաստանի քաղաքացիություն է ստացել 28859 մարդ, իսկ 2008թ. մինչեւ 2012թ. դեկտեմբերի 30-ը քաղաքացիությունից հրաժարվել է 2879 մարդ», - նշել է Մելիքյանը:

Ըստ նրա՝ դա դրական քայլ է իշխանությունների կողմից, սակայն բավարար չէ, քանի որ բազմահազար մարդկանց հարցն անլուծելի է մնում: Մելիքյանը նաեւ վստահեցրել է, որ մինչեւ 2010թ. շուրջ  1 միլիոն 300 հազար մարդ լքել է Հայաստանը, իսկ 2010թ. հետո՝ եւս 200 հազարը: «Երկիրը լքած 1,5 միլիոն մարդուց մեկ միլիոնը ընտրական ձայնի իրավունք ունի: դա նշանակում է, որ լավագույն դեպքում ներկայումս  Հայաստանում մենք ունենք ընտրական ձայն ունեցող միայն 1,5 միլիոն մարդ: Մենք ակնկալում ենք, որ իշխանությունը կարձագանքի այս փաստին», - ասել է Մելիքյանը:

Նշենք, որ ոստիկանության տվյալների համաձայն ընտրողների ռեգիստրում նշվածների թիվը 2,5 մլն է:


Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am