ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն է տվել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերրիի թեկնածությանը: Սենատում քվեարկությունից հետո Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչը այդ պաշտոնում կփոխարինի Հիլարի Քլինթոնին:
Սենատի արտաքին հարաբերությունները հանձնաժողովն առաջարկել է հաստատել Ջոն Քերրիի թեկնածությունը երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնում:
Ավելի վաղ թե իշխող դեմոկրատական, թե ընդդիմադիր հանրապետական սենատորները վստահություն էին հայտնել, որ սենատոր Քերրին հենց այն մարդն է, ով կարող է հաջողությամբ ներկայացնել ԱՄՆ-ի շահերն արտասահմանում: Սպասվում է, որ Սենատը մոտ ժամանակներս ամբողջ կազմով կհաստատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը, հաղորդում է «Կոմերսանտը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ամերիկահայերը ողջունել են Քերրիի թեկնածությունն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար: Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբում Քերրիին անվանել են «ամերիկահայերի հին կողմնակից»:





























