NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «The Economist»-ում հրապարակված հոդվածը.

Ստամբուլի Սամաթիա թաղամասում ապրող 85-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքին անցած տարվա դեկտեմբերի վերջին սպանված էին գտել իր բնակարանում: Նրան դանակի մի քանի հարված էին հասցրել: Հարազատներն ասել են, թե զոհի մերկ մարմնի վրա խաչ է արվել: Անցած շաբաթ դիմակավորված անձը հարձակվել է մեկ այլ տարեց հայուհու վրա, երբ վերջինս դուրս էր գալիս իր բնակարանից: Վերջին երկու ամսվա ընթացքում տարեց հայ կանանց վրա հարձակումն արդեն հինգերորդն է: Դրանք բոլորը տեղի են ունեցել նույն թաղամասում, որտեղ մոտ 8000 հայերի տունն է եւ Հայոց պատրիարքարանը: Կարծիքները կիսվում են. ոմանք դրանք համարում են ոչ մահմեդականների նկատմամբ ատելության հողի վրա կատարված հանցագործություններ, մյուսների կարծում են, որ պարզապես կողոպուտի դեպքեր են: Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն նույնպես պնդում է  վերջին տարբերակը: Ցանկացած պարագայում հարձակումները վերակենդանացրին Օսմանյան կայսրությունում 1915թ. մեկ միլիոնց ավելի հայերի զանգվածային կոտորածների մասին հիշողությունները:

«Հարձակումներն ընդգծում են այն ծանրությունը, որ դու հայ ես  Թուրքիայում»,-ասում է հայ ակտիվիստ եւ գիտաշխատող Խաչիկ Մուրադյանը, ով իր նախնիներին կորցրել է հենց այդ կոտորածների ժամանակ: Ողջ աշխարհում ակադեմիական կարծիքը հակված է նրան, որ դա ցեղասպանություն է եղել: Թուրքիան հերքում է դա: Հայազգի լրագրող Հրանտ Դինքը, ով հիմնադրել էր «Ակոս» թերթը` որպես 1915 թ. ազատ քննարկումների պլատֆորմ,  սպանվեց 2007 թ-ին:  Դինքի ընտանիքը պնդում է, որ մարդասպանը գործել է ծայրահեղ ազգայնական  տարրերի եւ անվտանգության ուժերի հրամանով, ովքեր իրենց հերթին, ամենայն հավանականությամբ, կապված էին «Քաֆես» (Վանդակ) խմբավորման հետ: Տասնյակ կասկածյալների, այդ թվում` երեք ծովակալի, դատապարտում են Թուրքիայում քրիստոնյաների սպանության դավադրությանը մասնակցության մեղադրանքով: Նրանց ենթադրյալ նպատակը քրիստոնյաներին վախեցնել է, որպեսզի նրանք հեռանան ընդմիշտ:

Միաժամանակ, կառավարության ուղերձը միանշանակ չէ: Վիճահարույց դատավոր Մեհմեդ Օմերօղլուն,  ով ուժի մեջ էր թողել Հրանտ Դինքի մեղադրական դատավճիռը` «թուրքական ինքնությունը վիրավորելու»  վերաբերյալ,  վերջերս խորհրդարանում երդում տվեց` որպես օմբուդսմենի նոր ինստիտուտի ղեկավար:  Գործն այն ժամանակ լայն հնչեղություն էր ստացել եւ օգնել էր ազգայնական կրակ բորբոքել Դինքի դեմ: