ԱՄՆ-ի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերիի թեկնածությանը։ Քերին ստացել է 94 սենատորների աջակցությունը, դեմ են քվեարկել ընդամենը երեք հոգի, հայտնում է AFP-ն։
Հիշեցնենք, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Քերիի նշանակման հարցով լսումների ընթացքում սենատորները գրեթե միաձայն կողմ էին արտահայտվել նրա թեկնածությանը։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Քերիի թեկնածությունն առաջադրել էր 2012-ի դեկտեմբերի կեսերին։
Քերին արդեն մի քանի շաբաթ է եռանդով պատրաստվում է նոր աշխատանքին, նրան օգնում է գործող պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Նշվում է, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ուղղվածությունը չի փոխվի։ Հայտնի է, որ Քլինթոնը պաշտոնը կլքի փետրվարի 1-ից, հայտնում է «Ռոսբալտը»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ամերիկահայերը ողջունել են Քերիի թեկնածությունն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում: Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբում Քերիին անվանել էին «ամերիկահայերի վաղեմի աջակից»:
Քերին Սենատում միջազգային հարաբերությունների հանձնաժողովը նախագահած տարիներին Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ կողմնակիցներից էր: Որպես արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի անդամ` նա թույլ չէր տվել Ֆրենսիս Ռիկարդոնեի նշանակումը Թուրքիայի դեսպան` Հայոց ցեղասպանության նկատմամբ վերջինիս դիրքորոշման պատճառով:
1990-ականների սկզբին սենատոր Քերին Սենատում Ազատության օրենքի 907-րդ փոփոխության ընդունման կողմնակից էր, որը սահմանափակում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունը, քանի դեռ այն չի դադարեցրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան:
«ՌԻԱ Նովոստիի» տեղեկանքում ասված է, որ Ջոն Ֆորբս Քերին ծնվել է 1943թ. Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում։ Հայրը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի դիվանագիտական ծառայության աշխատակից է եղել, մայրը՝ ամերիկյան ազնվական Ֆորբս ընտանիքի անդամ։
1966թ. Յելի համալսարանն ավարտելուց հետո Քերին ծառայել է Վիետնամում՝ ռազմաօդային ուժերի կազմում, երեք անգամ վիրավորվել է եւ արժանացել Արծաթե աստղի, Բրոնզե աստղի եւ այլ պարգեւների։ Վերադարձից հետո Քերին հակառազմական քարոզչության ակտիվ մասնակից է դարձել, ցուցադրաբար Կապիտոլիումի աստիճանահարթակից դեն է նետել մարտական պարգեւները։ 1971թ. նա ԱՄՆ-ի Սենատում Վիետնամի պատերազմի մասին ցուցմուք տված վիետնամական պատերազմի առաջին վետերանն է եղել։
1982թ. ընտրվել է Մասաչուսեթսի փոխնահանգապետ, 1984թ. ընտրվել է Սենատում՝ չորս անգամ վերընտրվելուց հետո (1990, 1996, 2002 եւ 2008 թթ.) մինչ օրս այդ պաշտոնն է զբաղեցնում։ 2004թ. ընտրություններում դեմոկրատական կուսակցությունից ընտրվել էր նախագահի թեկնածու, ընտրություններում դիրքերը զիջել էր Ջորջ Բուշին։ 2009թ. Քերին դարձել է Մասաչուսեթսից ավագ սենատորը։
Ջոն Քերին ամուսնացած է Թերեզա Հայնց Քերի հետ, ունի երկու դուստր առաջին ամուսնությունից, երեք որդի՝ երկրորդից եւ երկու թոռ։





























