Ռուսաստանն ու Ղազախստանը միացյալ հակաօդային պաշտպանական համակարգ ստեղծելու վերաբերյալ պայմանագիր են ստորագրել, որը կապահովի Ղազախստանի օդային տարածության ու Ռուսաստանի մերձսահմանային տարածքների անվտանգությունը: Փաստաթուղթը ստորագրել են Աստանայում Ռուսաստանի ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն եւ նրա ղազախ գործընկեր Ադիլբեկ Ջակսիբեկովը:
Շոյգուն հաղորդել է, որ տվյալ համաձայնագիրը մշակվել է վեց տարվա ընթացքում եւ նշանակում է «մեր տեղեկատվական միջոջոցների միություն, դրանց ինտեգրում եւ լրացուցիչ էլեմենտների ներմուծում, որոնք թույլ կտան բարձրացնել մեր պետությունների անվտանգությունը», հաղորդում է «Պրավդա.ռու»-ն:
Բանակացության ընթացքում քննարկվել է նաեւ երկկողմ ռազմական, ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերը, Ղազախստանում ՌԴ ՊՆ փորձնական զորավարժարանների օգտագործման ու ռազմական կրթության բնագավառում համագործակցելու հարցերը:
Ներկա պահին Ռուսաստանը միացյալ հակաօդային պաշտպանական համակարգ ունի Բելառուսի հետ: 2012 թվականի նոյեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է բանակցություններ վարել նաեւ Հայաստանի հետ միացյալ Հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու վերաբերյալ: Սակայն տվյալ դեպքում հակաօդային պաշտպանական համակարգը կստանա ընդամենը միավորվածի կարգավիճակ, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը ընդհանուր սահմաններ չունեն:





























