Ֆրանսիական զորքերը հունվարի 30-ին վերահսկողություն են հաստատել Մալիի Քիդալ քաղաքի օդանավակայանում: Դա հաստատել է տուարեգների «Ազավադի ազատագրման ազգային շարժման» ներկայացուցիչը: Դատելով ամեն ինչից՝ տուարեգները մտադիր են երկխոսություն սկսել Ֆրանսիայի եւ Մալիի զինվորականների հետ, հայտնել է «Գոլոս Ռոսիի»-ն:
Euronews-ի տեղեկացմամբ, ազատագրված տարածքներում գլխավոր խնդիրը անվտանգության եւ կարգուկանոնի ապահովումն է: Գաոյում եւ Թիմբուքթուում թալան եւ «կախարդների որս» է սկսվել: Բնակիչները որոնում են փախչել չհասցրած իսլամիստներին եւ հանձնում զինվորականներին: Երբեմն զինվորները ուժով են կարողանում բռնվածներին խլել կատաղած ամբոխի ձեռքից:
Ջիհադիստներն իրենց հետեւից թողել են մշակութային ավերված հուշարձաններ, որոնք ընդգրկված էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, այրել են հնագույն ձեռագրեր ունեցող գրադարաններ:





























