Կոնգրեսին  զենքի շրջանառության վերահսկողության խստացման օրինագիծ ներկայացրած Օբաման, գիտակցելով զենքի կողմնակիցների դժգոհությունը, որոշել է կրկին գրավել զենքի բարեխիղճ տերերի համակրանքը:

Վերջերս The New Republic- հետ զրույցում Օբաման հայտարարել է, որ ինքն անձամբ զենքի մեծ սիրահար է, իհարկե՝ մարզական զենքի: «Քեմփ Դեւիդում մենք մշտապես զբաղվում ենք հրաձգությամբ: Ես մեծ հարգանք եմ տածում որսորդության հանդեպ, որը սկիզբ է առել մեր պատմության ամենախորքերից»:

Օբամայի այս խոսքերն ընկալվել են որպես «շողոքորթության» փորձ, նշում է The Telegraph-ը:

Բանն այն է, որ Օբամային ոչ իրականում, ոչ նկարներում ոչ ոք զենքով չի տեսել: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին փորձել է ղեկավարի փոխարեն պատասխան տալ. «Քեմփ Դեւիդ նա գնում է հանգստանալու, ոչ թե լուսանկարվելու»,- ասել է նա:

Թենեսի նահանգից հանրապետական «կոնգրեսվումեն» Մարշա Բլեքբերնը CNN-ի եթերում թերահավատորեն է վերաբերվել հրաձգությամբ զբաղվելու մասին նախագահի խոսքերին. «Թող նա ինձ մենամարտի հրավիրի Քեմփ Դեւիդ: Համոզված եմ, ես նրան ցույց կտամ»:

Միաժամանակ համացանցում տարածվել է Օբամայի կեղծ նկարը՝ հրացանը ձեռքին, գրում է NEWSru.com-ը: «Ոչ սպիտակ տան» կայքը նախագահի հանգստի լուսանկարներ է հրապարակել՝ գոլֆի դաշտում, լողավազանի մոտ եւ հրաձգարանի տարածքում՝ հրացանը ձեռքին: The New Republic-ն էլ իր Twitter-ում պատահաբար թե դիտմամբ այդ նյութի հղումն է դրել՝ «Օբաման կրակում է Քեմփ Դեւիդում» խորագրով: Խմբագրությունը բավական արագ հասկացել է սխալը, արագ հեռացրել գրառումը, սակայն դրա «ռեթվիթները» եւ կեղծ նկարը կայծակնային արագությամբ տարածվել են:

Այս պահին  «Կրակող Օբաման» լիարժեք «ինտերնետ-մեմ» է դարձել, իսկ Twitter-ում  հայտնի է դառնում #SkeetShooting հեշթեգը: