«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է  «2013թ. մամուլի ազատության ինդեքսը»:

Դրանում Հայաստանը 179 երկրների ցանկում 74-րդ տեղն է զբաղեցրել՝ նախորդ տարվա համեմատ դիրքերը երեք հորիզոնականով բարելավելով: Զեկույցում մամուլի ազատության մասին դրույթում Հայաստանը համեմատվում է Վրաստանի  (100), Մոլդովայի  (55) եւ Ղրղըզստանի (106) հետ: Նշվում է, որ թեեւ աղյուսակում տարբեր տեղաբաշխումներին, այս երկրները ընդհանուր գծեր ունեն:

 «Այս երկրներում լրատվամիջոցների լայն բազմազանություն կա եւ պետական գրաքննության ցածր մակարդակ, բայց նրանք նախկինի պես լուրջ խնդիրների են բախվում , որոնք առնչվում են լրատվամիջոցների ազատությանը եւ լրագրողների աշխատանքային միջավայրին: Վերջիններս հաճախ կրակի գծում են հայտնվում  խիստ բեւեռացված հանրությունում եւ ճնշման տարբեր խմբերի կողմից  դիտվում իբրեւ հեշտ որս»,- ասված է զեկույցում:

Համաձայն զեկույցի՝ տարածաշրջանում մամուլի ազատության առումով Հայաստանն առաջատարն է: Ադրբեջանը156-րդ, Թուրքիան՝ 154-րդ տեղում է: Իրանը 174-րդն է, Ռուսաստանը՝148-րդը:

Առաջին տեղում է Ֆինլանդիան, առաջատարների հնգյակում են նաեւ Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը եւ Անդորան: