Քալիֆորնիական Գլենդել եւ Բըրբենք քաղաքի ութ բնակիչներ ձերբակալվել են ապահովագրական խարդախության մեղադրանքով, այն բանից հետո, երբ արհեստական երկու վթար են «բեմադրել» եւ հայտարարել վանդալիզմի մասին՝ ապահովագրական ընկերություններից 82 հազար դոլար կորզելով:
«Burbank Leader»-ը հաղորդում է, որ երկու տարի առաջ քննիչները նախազգուշացվել էին, որ 45-ամյա Սուրեն Գրիգորյանը ենթադրաբար ապահովագրական վճարի խաբեբայական պահանջ է ներկայացրել Բըրբենքի իր տան հարեւանությամբ կայանած իր «Մերսեդես» մակնիշի մեքենան վանդալիզմի ենթարկվելու համար: Տեղեկություն հաղորդողը պնդում էր, որ Գրիգորյանն անձամբ էր վնասել իր մեքենան՝ ապահովագրողից շորթելով 20 հազար դոլար:
Հետաքննությունը ցույց է տվել, որ մյուս յոթ կասկածյալները՝ Գրիգորյանի ընտանիքի անդամներ եւ մոտ ընկերներ, ենթադրաբար խառն են 2008թ. մեքենաների վթարի կազմակերպմանը, որի հետեւանքով մի քանի ապահովագրողներ զրկվել էին 62 հազար դոլարից:
Բացի Գրիգորյանից, ձերբակալվել են նաեւ կասկածյալներ 36-ամյա Աիդա Հակոբյանը, 62-ամյա Սեդա Մարգարյանը, 74-ամյա Մամիկոն Հակոբյանը, 49-ամյա Մասիս Գալստյանը, 42-ամյա Ռոզա Գալստյանը, 41-ամյա Ռոզա Իսայանը եւ 49-ամյա Սեթիկ Փաթաթանյանը: Նրանք բոլորը Բըրբենքի բնակիչներ են՝ բացառությամբ Սեթիկ Փաթաթանյանի եւ Մասիս Գալստյանի, որոնք ապրում են Գլենդելում: Մեղքը հաստատվելու դեպքում նրանցից յուրաքանչյուրին սպառնում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում եւ մինչեւ 50 հազար դոլար տուգանք:





























