Եգիպտական ընդդիմությունը երկրում բռնությունը դադարեցնելու նպատակով իշխանության ներկայացուցիչների հետ արտակարգ հանդիպում կազմակերպելու կոչ է արել: Կոչը Twitter-ում հրապարակել է ազատական Ազգային փրկության ճակատի առաջնորդներից մեկը՝ Մուհամեդ ալ Բարադեին:
«Մենք պետք է անհապաղ հանդիպենք նախագահին, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարներին, ինչպես նաեւ «Մահմեդական եղբայրներ» կուսակցության եւ սալաֆիթական ճակատի ներկայացուցիչներին՝ ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքեր որոնելու, քաղաքների փողոցներում բռնությունը դադարեցնելու եւ լուրջ երկխոսություն սկսելու նպատակով», - ասված է նրա հայտարարության մեջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ այս շաբաթ, ընդդիմությունն, ի դեմս Ազգային փրկության ճակատի, մերժել էր երկխոսության վերաբերյալ նախագահ Մուրսիի առաջարկը:
Ընդդիմությունն իշխանությունից պահանջում է ազգային փրկության կառավարության ձեւավորում, նոր սահմանադրական փոփոխությունների կատարում եւ ՆԳՆ-ի ղեկավարին դատական պատասխանատվության ենթարկում:





























