Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 30-ին այցելել է Արմավիրի մարզի մի քանի բնակավայրեր: Շենիկ գյուղում հովհաննիսյանին սպասում էին գյուղապետարանի շենքի մոտ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Դիմելով հավաքվածներին` Հովհաննիսյանը հայտարարել է, թե եկել է ժամանակը, եւ Հայաստանի բոլոր քաղաքացիները փետրվարի 18-ին ճակատագրական որոշում են կայացնելու: «Դուք պետք է ինքներդ ընտրություն կայացնեք, որ երկրում եք ցանկանում ապրել` օրենքի, արդարության երկրում, որտեղ իշխում է Սահմանադրությունը, թե ցանկանում են շարունակել ապրել, ինչպես այժմ` ձեր երեխաներին վաստակի համար ուղարկելով արտերկիր: Փետրվարի 18-ին դուք կանեք ձեր ընտրությունը, եւ կարեւոր չէ, թե ինչպես կլինի, կարեւոր է, որ մասնակցեք քվեարկությանը որ հետո որեւէ մեկին չմեղադրեք ձեր աղքատ վիճակի համար»:
Հովհաննիսյանը նաեւ խոստացել է ընտրվելու դեպքում հավատով եւ ճշմարտությամբ հինգ տարի ծառայել ժողովրդին եւ բոլոր ջանքերը գործադրել, որ բարելավի գյուղերի բնակիչների վիճակը. «Պետությունը սուբսիդավորելու է ոռոգման ջրի հարկի 80 տոկոսը, իր վրա կվերցնի շուկայում հավասար պայմաններ ստեղծելու պատասխանատվությունը` խոշոր գործարարներին զրկելով ստվերում աշխատելու եւ հարկեր չվճարելու արտոնությունից»:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am





























