Հունվարի կեսին Ալժիրի հարավ-արեւելքում գազային համալիրում պատանդներ առեւանգած ահաբեկչական հանցախումբը գործողությունների ծավալման համար օգնություն են ստացել դրսից: Պատահարը հետաքննող կոմիտեն եկել է այն համոզման, որ ահաբեկչական ակտին մասնակից են Ազավադի տարածքից դուրս գտնվող օտարերկրյա պետություններ կամ կազմակերպություններ:

Մասնավորապես, այդ մասին են վկայում ահաբեկիչների մոտ եղած կապի ամենաժամանակակից սարքավորումները, որոնք չեն ենթարկվել ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգին: «Այդ սարքավորումներն առկա են այսպես կոչված «Սիրիայի ազատության բանակի» եւ 2011 թվականին ապստամբած լիբիացիների մոտ»,- գրում է ալժիրյան «Ալ Հաբար» թերթը:

Բացի այդ, զինյալների մոտ եղել են չօգտագրծված նոր զենքեր, որպիսիք չկան հարեւան Մալիի եւ Նիգերիայի բանակներում: Հետաքննության տվյալներով` Ալժիրի հարավ-արեւելքում կատարված ահաբեկչական ակտի վրա ծախսվել է ութ միլիոնից ոչ պակաս եվրո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Տիգենտուրին գազային համալիրը, որտեղ աշխատել եւ ապրել են մի քանի հարյուր մասնագետներ, հարձակման է ենթարկվել հունվարի 16-ին: Պատանդներ վերցրած «Արյունով կնքված» խմբավորման ահաբեկիչները պահանջել են  դադարեցնել Մալիում ընթացող գործողությունները եւ բանտերից ազատ արձակել ընդհանուր առմամբ  100 իսլամիստների: Ալժիրի իշխանությունները կտրականապես մերժել են այդ պահանջները: Հաջորդ օրն Ալժիրի հատուկ ջոկատները սկսել են պատանդների ազատագրման գործողությունները:

Հաղորդվել է, որ ահաբեկչական ակտի զոհ է դարձել  37 պատանդ` ութ երկրներից: Մի քանի օտարերկրացի անհայտ կորածների շարքում են դասվել: Զինվորականներն ազատագրել են Ալժիրի 685 քաղաքացիների եւ 107 օտարերկրացի մասնագետների: Բոլոր ահաբեկիչները սպանվել կամ ձերբակալվել են: Տարբեր տվյալներով` խմբավորման մեջ մտել են Թունիսի, Եգիպտոսի, Մալիի, Նիգերիայի, Մավրիտանիայի, Ալժիրի եւ Կանադայի քաղաքացիներ: