Ադրբեջանի պաշտպանության նախարար Էլդար Սաբիրօղլուն «բացատրել է» ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային հայկական ինքնաթիռների ռմբակոծման սպառնալիքների լրջությունը: Այս մասին հաղորդել է 1news.az-ը:

Նախօրեին Երեւանում` պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, Նիկոլայ Բորդյուժան կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի` հայկական ինքնաթիռները ռմբակոծելու մասին սպառնալիքը կամ անհաջող մեկնաբանության կամ անհաջող կատակի արդյունք է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Ադրբեջանը համարում է քաղաքակիրթ պետություն, որտեղ նման որոշումներ չեն ընդունի:

Բաքվից ստացված պատասխանը շտապել է հավաստիացնել Նիկոլայ Բորդյուժային Ադրբեջանի` քաղաքակիրթ պետություն լինելու մասին կարծիքի սխալականությունը: Ըստ Սաբիրօղլուի` «Բորդյուժայի պահվածքը ցույց է տալիս իր հայամետ լինելը. երեւում է` այդ մարդիկ ունեն իրենց շահերը, որպեսզի  տարածաշրջանում մշտական լարվածություն լինի»: Չսահամանափակվելով Բորդյուժայի հասցեին արված արտահայտություններով` իր անհեթեթ հայտարարություններով հայտնի Սաբիրօղլուն մինչ այդ ասել է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կշտամբել է լարվածությունը խորացնելու համար: «Գուցե Բորդյուժայի նման պաշտոնյաները ցանկանում են, որ օդանավները ռմբակոծվեն, եւ դրանով իրադրությունը թեժանա: Այդ ամենը հասկանալի է»,- ասել է Սաբիրօղլուն: Նրա խոսքով, եթե Հայաստանը ցանկանում է հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորում, ապա նա պետք է ունենա անկախ եւ արդար դիրքորոշում, այլ ոչ թե գործի ուրիշի թելադրանքով: Այդկերպ, Էլդար Սաբիրօղլուի վարկածով` Ստեփանակերտի օդանավակայանի դեմ գործում են այլ ուժեր, հնարավոր  է` հենց ՀԱՊԿ-ն, որի գլխավոր քարտուղարն իրեն թույլ է տվել քաղաքացիական օդանավերի ռմբակոծումները թույլ չտալու մասին  «ճչացող» միտք արտահայտել:

Որպես վերջաբան ադրբեջանական գործակալությունն ընթերցողների մոտ կասկածների մնացուկները ցրելու համար հիշեցրել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը Խոջալուի վերականգնված օդանավակայանն է: Դրան հաջորդում է եզրահանգումը` քանի որ այն կառուցվել է ադրբեջանական բյուջեով, ապա դրա վերականգնումն ու շահագործումն անօրինական է: «Այժմ` մոտ  20 տարվա ընդմիջումից հետո, հայկական կողմը որոշել է վերականգնել այդ օդանավակայանը եւ այնտեղ չվերթներ իրականացնել, ինչը հակասում է միջազգային իրավունքին, քանի որ տվյալ ադրբեջանական տարածքները շրջափակվել են եւ աշխարհում ոչ ոք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անջատողական կարգը», - գրել է գործակալությունը: Այս կապակցությամբ տեղին է հիշել, որ ադրբեջանական իշխանությունները չեն դադարում հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է  «Ադրբեջանի մաս», իսկ ԼՂ հասարակությունը` «Ադրբեջանի քաղաքացիներ»: Իսկ այն մոտեցումը, որ Ադրբեջանի իշխանությունները սպառնացել են ռմբակոծել օդանավերը, որոնց մեջ իր «սեփական» քաղաքացիներն են, մեկնաբանությունների կարիք չունի: Այդ դիրքորոշումը ավելի վառ է պատկերում Բաքվի վերաբերմունքն ընդհանուր հայությանը եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, մասնավորապես, եւս մեկ անգամ հաստատելով, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինել չի կարող: