Չեմ ցանկանում գնահատական տալ ոստիկանապետից, ինչպես նաեւ Ազգային անվտանգության ծառայության պետից ստացած պատասխանին, որում նա նշում է, որ ԱԱԾ-ի աշխատակիցներն ընտրողների հետ հանդիպման ընթացքում մեզ չեն լուսանկարել:
Այդ մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով քարոզարշավի շրջանակում այցելել է Արմավիրի մարզ:
«Գորիկ Հակոբյանի պատասխանում հատկանշական է այն ձեւակերպումը, որ «իրենց աշխատակիցները չեն լուսանկարել նախընտրական քարոզարշավի ընթացքում»: Նրանք երկուսն էլ պնդում են, որ նախագահի բոլոր թեկնածուների համար քարոզչության իբր հավասար պայմաններ են ստեղծվել», - ասել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ Հայաստանի նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Պարույր Հայրիկյանը համատեղ հայտարարություն էին տարածել, որում մտահոգություն էին հայտնել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ:





























