ԱՄՆ նորընտիր պետքարտուղար Ջոն Քերին հայտնի է  որպես պայմանավորվածություններ ձեռք բերելու ունակ քաղաքական գործիչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բեռլինցի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը` մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Քերիի ընտրությունը:

Քաղաքագետի կարծիքով` Քերին համբերատար քաղաքական գործիչ է` ի տարբերություն պրագմատիկ Հիլարի Քլինթոնի: «Ուստի շատերը կարծում են, որ իր բնավորությամբ եւ մենթալիտետով Քերին ավելի շատ է համապատասխանում պետքարտուղարի պաշտոնին»:

Ռարը նաեւ չբացառեց, որ նոր պետքարտուղարի պարագայում ԱՄՆ-ն կարող է ավելի մեծ ճկունություն դրսեւորել  եւ որոշ նորարարություններ կիրառել: Սակայն, ըստ քաղաքագետի, այս պահին դեռ վաղ է  վստահորեն որեւէ կանխատեսում անել, քանի որ Քերին առանձնապես  արտաքին քաղաքականությամբ չի զբաղվել` բացի միջազգային հարաբերությունների կոմիտում աշխատանքից:

Նշենք, որ հունվարի 30-ին ԱՄՆ-ի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերիի թեկնածությանը։ Քերին ստացել է 94 սենատորների աջակցությունը, դեմ են քվեարկել ընդամենը երեք հոգի։

Քերին արդեն մի քանի շաբաթ է եռանդով պատրաստվում է նոր աշխատանքին, նրան օգնում է գործող պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Նշվում է, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ուղղվածությունը չի փոխվի։ Հայտնի է, որ Քլինթոնը պաշտոնը կլքի փետրվարի 1-ից։