Տոնակատարությունների օրերին Վոլգոգրադը նորից կկրի իր հին անունը. հունվարի 30-ին նման վճիռ են կայացրել Վոլգոգրադի քաղաքային դումայի պատգամավորները:
«Հերոս քաղաք Ստալինգրադ» անվանումը կկիրառվի հետեւյալ քաղաքային միջոցառումների ընթացքում. փետրվարի 2-ին՝ Ստալինգրադի ճակատամարտի ավարտի օրը, մայիսի 9-ի Հաղթանակի օրը, հունիսի 22-ի Սգո օրը, օգոստոսի 23-ին՝ Ստալինգրադի զանգվածային ռմբակոծման զոհերի հիշատակի օրը, սեպտեմբերի 2-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օրը, նոյեմբերի 19-ին՝ Ստալինգրադի մատույցներում գերմանացիների ջախջախումն սկսելու օրը: Այդ օրերին պատմական անունն իրենց ելույթներում կօգտագործեն նաեւ իշխանության ներկայացուցիչները:
Վոլգոգրադի պատգամավորների կողմից որոշումն ընդունելուց մի քանի ժամ առաջ ՌԴԿԿ-ն եւ Ռուսաստանի քաղաքացիների արհմիությունը նախագահին էին փոխանցել քաղաքը Ստալինգրադ վերանվանելու խնդրանքով 50 հազար ստորագրություն: Սակայն քաղաքային դումայում «Ինտերֆաքսին» հայտնել են, որ խորհրդարանի որոշումը կապ չունի կոմունիստների նախաձեռնության հետ:
Քաղաքը Ստալինգրադ անվանումն է ունեցել 1925-1961թթ.: Ավելի վաղ այն Ցարիցին էր կոչվել հիմնադրման պահից՝ 1589թ.-ից ի վեր:





























