Մոսկվան ստուգում է Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայի ռմբակոծման հաղորդագրությունը եւ եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում կլինի: Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում:
«Մոսկվայում խորին մտահոգությամբ են ընդունել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայի` Դամասկոսի մերձակա օբյեկտների ռմբակոծման հաղորդագրությունը: Եթե դա հաստատվի, ապա մենք գործ կունենանք ինքնիշխան պետության տարածքների` առանց դրդապատճառների ռմբակոծման հետ, որը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է եւ անընդունելի է` ինչպիսի արդարացումներ էլ որ բերվեն: Շտապ միջոցներ ենք ձեռնարկել` իրադրությունը բոլոր մանրամասներով պարզելու համար: Նորից կոչ ենք անում դադարեցնել Սիրիայում ցանկացած տեսակի բռնությունները, եւ ըստ 2012 թվականի հունիսի 30-ին սկսված ժնեւյան պայմանավորվածության` թույլ չտալ դրսից որեւէ միաջամտություն»,-նշվել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին ուշ երեկոյան Սիրիայի իշխանությունները պաշտոնապես հաստատել են երկրի օդային տարածքում իսրայելյան ռազմական ինքնաթիռների ներխուժման փաստը: Սիրիայի պետական լրատվամիջոցները տարածել են Սիրիայի Բանակի եւ Զինված ուժերի գերագույն հրամանատարության հայտարարությունը, որում հաղորդվել է, որ հունվարի 30-ին Իսրայելի ռազմական ինքնաթիռները ներխուժել են Սիրիայի օդային տարածք եւ ռմբակոծել են Դամասկոսի Ջամրայ շրջանի գիտահետազոտական կենտրոնը: Ավելի վաղ օդային ներխուժման տեղեկությունները տարածել էին որոշ արեւմտյան լրատվամիջոցներ:





























