Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գոհունակություն հայտնելով երկկողմ համագործակցության ընթացքից՝ զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի կողմից իրականացվելիք «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրին առնչվող հարցեր: Ժան Միշել Հափին ընդգծել է ծրագրի նախապատրաստական աշխատանքների հաջող ընթացքը եւ նշել, որ այն իր մեջ կներառի մրցունակության զարգացման, գործարար միջավայրի բարելավման, ավիացիոն, սոցիալական, հարկաբյուջետային, բնապահպանական ոլորտները:

Կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցության մի շարք այլ հարցերի: