ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անձնական նամակ կգրի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցության եւ սպառազինման հետագա նվազեցման առաջարկով: Այդ մասին հայտնում է Foreign Policy ամսագիրը:
Ենթադրվում է, որ ԱՄՆ-ի նախագահի նամակը կփոխանցի ԱՄՆ-ի ազգային անվտանգության ղեկավար Թոմ Դոնիլոնը՝ փետրվարին Մոսկվա կատարելիք այցի ժամանակ: Ըստ ամսագրի՝ այդ մասին նշված է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին ուղղված կոնգրեսական Մայք Ռոջերսի նամակում:
«Ինչքան որ ես հասկանում եմ, պարոն Դոնիլոնը մտադիր է նախագահ Պուտինին փոխանցել անձնական նամակ նախագահ Օբամայից, որում շարադրված են նախագահի ծրագրերը ամերիկյան սպառազինման հետագա կրճատման, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի վերաբերյալ պայմանավորվածությունների մասին», – ասված է կոնգրեսականի նամակում:
Ըստ Foreign Policy-ի կայքում հրապարակվող Cable բլոգի տվյալների՝ որոշ կոնգրեսականներ մտավախություն ունեն, որ Օբաման Ռուսաստանի հետ կպայմանավորվի Կոնգրեսի հավանության կարիքը չունեցող գործարքի մասին կամ էլ միանգամից կդիմի սպառազինման միակողմանի կրճատման:





























