Հունվարի 22-27-ը Վատիկանում տեղի է ունեցել Հռոմեական կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելյան ուղղափառ եկեղեցիների միջեւ պաշտոնական աստվածաբանական երկխոսության միջազգային հանձնախմբի 10-րդ հանդիպումը: Հանդիպման օրակարգում էր մինչեւ 5-րդ դարը Եկեղեցիների միջեւ հարաբերությունների մասին միասնական փաստաթղթի պատրաստումը:
Աստվածաբանական երկխոսության ներկայացուցիչները հանդիպել են նաեւ Բենեդիկտոս ԺԶ Պապի հետ:
Ժողովին Մայր աթոռ սուրբ Էջմիածինը ներկայացրել են Տավուշի թեմի առաջնորդ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության տնօրեն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի դասախոս Տ. Շահե աբեղա Անանյանը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից հանդիպմանը ներկա էին Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը եւ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը:
Արեւելյան ուղղափառ եկեղեցիների եւ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու աստվածաբանական պաշտոնական երկխոսության 11-րդ հանդիպումը տեղի կունենա 2014 թ. Հնդկաստանում:





























