Շոտլանդիայի իշխանությունները համաձայնել են փոխել անկախության վերաբերյալ հանրաքվեի հարցը: Այս մասին այսօր հաղորդել են տեղի լրատվամիջոցները:
Եթե նախկինում ենթադրվում էր, որ 2014 թվականի աշնանը հասարակությանը հարցնելու են. «Դուք համաձա՞յն եք, որ Շոտլանդիան պետք է անկախ պետություն լինի», ապա ձեւափոխված տարբերակը կհնչի այսպես` «Պե՞տք է, որ Շոտլանդիան անկախ պետություն լինի»: Պատախանի տեսակներն են` «այո» կամ` «ոչ»:
Փոփոխությունների պատճառը ընտրական հանձնաժողովի դիրքորոշումն է: Նա մտավախություն է հայտնել հարցի մեջ կրկնվող «Դուք համաձա՞յն եք» ձեւակերպման վերաբերյալ, որն, ըստ փորձագետների, կարող է տրամադրել քվեարկողներին` «կողմ» հանդես գալ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այն բանից հետո, երբ շոտլանդական կառավարությունն ընդունել է ընտրական հանձնաժողովի կողմից առաջարկված ձեւակերպումը, այդ եւ կայանալիք հանրաքվեի մի շարք այլ պարամետրեր պետք է հաստատի նաեւ տարածաշրջանային խորհրդարանը:





























