Այսօր` հունվարի 31-ին, Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակությամբ նշել է, որ սերտ համագործակցությունը Հայաստանի ոստիկանության ու Եվրոպայի խորհրդի միջեւ արդյունավետ է եղել, իսկ անցյալ տարի ընդգրկել է փոխգործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու օրգանների անօրինական շրջանառության դեմ համատեղ միջոցառումները, ընտանեկան եւ կանանց դեմ բռնությունների կանխարգելումը, կիբերհանցագործությունների դեմ պայքարը եւ այլն:

Ներկայացնելով Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ընթացքը՝ Վլադիմիր Գասպարյանը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել ոստիկանության արդիականացմանը՝ ի շահ հանցավորության ժամանակակից մարտահրավերների դեմ համատեղ պայքարի հաջողության:

Ոստիկանության պետը նկատել է նաեւ, որ համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի փորձագետների հաճախակի այցելությունների ու կոնկրետ ոլորտներում նրանց գործնական աջակցության պարագայում:

Օլեքսանդր Պավլյուկը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հավաստիացրել է, որ Եվրոպայի խորհուրդն, իր հանձնառություններին հավատարիմ, շարունակելու է աջակցություն ցուցաբերել Հայաստանի ոստիկանությանը, մասնավորապես՝ բարեփոխումների բնագավառում, եւ համագործակցությունն ավելի սերտ ու համակողմանի կլինի՝ պայմանավորված նաեւ նրանով, որ մայիսին Հայաստանը վեց ամսով ստանձնելու է Եվրոպայի խորհրդի նախագահությունը:

Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում ոստիկանության գործառույթներին՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում արվում եւ արվելու է առավելագույնը` նախագահական ընտրություններն ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: