Սիրիայի ԱԳ եւ ներգաղթյալների հարցերով նախարարությունը կանչել է օկուպացված Գոլանի բարձունքներում հրադադարին հետեւող ՄԱԿ-ի ուժերի հրամանատար Իքբաու Սինգհին: Իսրայելի կործանիչների կողմից Սիրիայի օդային տարածքը խախտելու եւ Դամասկոսի նահանգի Ջամրայի շրջանում գտնվող գիտահետազոտական կենտրոնի վրա հարձակման հետ կապված, Սիրիայի ԱԳՆ-ն նրան պաշտոնական բողոք է հայտնել, նշելով, որ Իսրայելն այդկերպ խախտել է 1974-ին կնքված հրադադարի ռեժիմը:

Սիրիայի ԱԳՆ-ն կատարված ագրեսիայի պատասխանատվությունը դրել է Իսրայելի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա եւ ընդգծել, որ Սիրիան ինքնապաշտպանության, իր տարածքների եւ ինքնիշխանության պաշտպանության, նաեւ ագրեսորին հակազդելու իրավունք ունի, հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:

Արաբական պետությունների լիգան եւս հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել էիսրայելի ռազմաօդային ուժերի գործողությունները, համարելով դա միջազգային իրավունքների կոպիտ խախտում եւ ոտնձգություն ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան պետության դեմ: ԱՊԼ-ն կոչ է արել միջազգային հանրությանը վերջ դնել Իսրայելի ամենաթողությանը: ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին հաստատել է Սիրիայի` ինքնիշխանության եւ տարածքների պաշտպանության, ինչպես նաեւ Իսրայելից նյութական փոխհատուցում ստանալու իրավունքը:

Հիշեցնենք, որ նախօրեին ուշ երեկոյան Սիրիայի իշխանությունները պաշտոնապես հաստատել են երկրի օդային տարածքում իսրայելյան ռազմական ինքնաթիռների ներխուժման փաստը: Սիրիայի պետական լրատվամիջոցները տարածել են Սիրիայի Բանակի եւ Զինված ուժերի  գերագույն հրամանատարության հայտարարությունը, որում հաղորդվել է, որ հունվարի 30-ին Իսրայելի ռազմական ինքնաթիռները ներխուժել են Սիրիայի օդային տարածք եւ ռմբակոծել են Դամասկոսի Ջամրայ շրջանի գիտահետազոտական կենտրոնը: Ավելի վաղ օդային ներխուժման տեղեկությունները տարածել էին որոշ արեւմտյան լրատվամիջոցներ: