Երեւանում, փետրվարի 2-ին, Բրիտանական խորհուրդը կազմակերպում է «Ճանաչիր աշխարհն անգլերենով» համաժողովը, որին մասնակցում են անգլերենի շուրջ 100 մասնագետներ, կրթական հաստատությունների ղեկավարներ, դասախոսներ եւ ուսուցիչներ: Համաժողովի բացմանը հանդես կգան Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսը, Հայաստանի ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

Բրիտանական խորհրդի «Ճանաչիր աշխարհն անգլերենով» մեկօրյա համաժողովն իր շուրջը կհամախմբի անգլերենի մասնագետներին` քննարկելու Լեզուների իրազեկության համաեվրոպական համակարգի շրջանակում լեզուների իմացության գնահատման առավելությունները, Հայաստանում այդ համակարգի կիրառման հնարավորությունները, ինչպես նաեւ կներկայացվեն ուսուցիչների կատարելագործմանն ուղղված Բրիտանական խորհրդի դասընթացները, դասավանդման համար նախատեսված նյութերը եւ անգլերենի իմացության ստուգման միջազգային քննությունները:

Եվրախորհրդի հրապարակած Լեզուների իրազեկության համաեվրոպական համակարգը հստակորեն սահմանում է լեզվի իմացության մակարդակները: Այսօր աշխարհում ընդունելի եւ ճանաչելի դարձած այդ սանդղակով լեզուների իմացությունը գնահատվում է A1-ից մինչեւ C2 աստիճան, ուր A1-ը համարվում է լեզուների իմացության նախնական, իսկ C2-ը` կատարյալ մակարդակ: Լեզուների իրազեկության համաեվրոպական համակարգը ճանաչելի եւ ընդունելի է միջազգայնորեն:  Բրիտանական խորհրդի առաջարկած դասընթացներն ու քննությունները, որոնք համապատասխանում են այս համակարգին համաժողվի ընթացքում կներկայացվեն Բրիտանական խորհրդի մասնագետների կողմից; Վրաստանի Իլյայի անվան պետական համալսարանը  նախորդ տարի վերափոխեց անգլերենի դասավանդման իր մոտեցումները, որը եւ կներկայացնի համաժողովի ընթացքում:

Հատուկ այս համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած ուսուցիչների վերապատրաստող Ջերալդ Մաքինթշն ուսուցիչների համար կանցկացնի աշխատաժողովներ` ուսուցիչներին ներկայացնելու դասավանդման ոլորտի զարգացումներն ու փոփոխությունները: