ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր` վերջերս Երեւան կատարած այցելությունը շատ հագեցած է համարել: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 1-ին կայացած Մոսկվա-Աստանա-Կիեւ-Մինսկ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ:
Դիտարկմանը, որ նրա այցելությունը համընկել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Հայաստան այցի հետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասել է, որ իրենց այցերը պարզապես համընկել են իրար: «Սերգեյ Շոյգուի այցելությունը եւս հագեցած է եղել` քննարկվել են ռազմա-տեխնիկական հարցեր, Գյումրիում ռուսական ռազմակայանի գործունեությունը»,- նշել է Նիկոլայ Բոդյուժան:
Անդրադառնալով իր հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ պետության ղեկավարին տեղեկացրել է անցկացվելիք միջոցառումների մասին, հատուկ հետաքրքրության է արժանացել ռուսական ձեռնարկությունների մասնակցությամբ ռազմա-արդյունաբերկան ձեռնարկությունների ստեղծման եւ ակտիվացման վերաբերյալ հարցը:Այս առնչությամբ Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ Հայաստանում նման ձեռնարկություններ հիմնելու նախաձեռնությունը Հայաստանի կողմից է հնչել: «Արդյունքներ կան»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նշենք, որ խոսքը ռազմա-արդյունաբերական ընկերությունների եւ զրահատեխնիկայի ու ավիացիոն տեխնիկայի սասարկման կենտրոնների 8-9 ձեռնարկությունների ստեղծման մասին է:
Խոսելով ՀԱՊԿ շրջանակներում ռազմական տեխնիկայի` իջեցված սակագներով գնման մասին, Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ համաձայնությունն ակտիվ կերպով իրագործվում է, հատկապես հատուկ տեխնիկաների գնման մասը: Առաջնային տեղում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ մասամբ Հայաստանը:





























