«Երկրապահ» կամավորականների միությունը համարում է, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձը Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված ստոր հանցագործություն է:
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Կրակոցները, որ հնչել են, ուղղված են եղել ընդդեմ հայոց պետականության եւ ակնհայտ նպատակ են ունեցել վարկաբեկելու մեր երկրում ընթացող օրինակելի քարոզարշավը: Այս արարքի հեղինակները հայոց պետականության, հայ ազգի թշնամիներ են:
Կոչ եմ անում երկրապահներին, Հայաստանի Հանրապետության բնակչությանը լինել առավել միասնական: Մշտապես հայը հաղթել է միասնականության շնորհիվ: Այդպես էր Արցախյան ազատամարտի օրերին: Այդպես պետք է լինի նաեւ այսօր եւ ապագայում:
Երկրապահները վստահ են, որ մեր իրավապահները ամենակարճ ժամկետներում կբացահայտեն այս նենգ սադրանքի հեղինակներին, եւ հանցագործներն իրենց արժանի պատիժը կստանան:
Շուտափույթ առողջացում եմ մաղթում Պարույր Հայրիկյանին, որն իր ողջ կյանքը նվիրել է հանուն Հայաստան պետության կայացման պայքարին եւ վստահ եմ` դեռ անելիք ունի լավ Հայաստանի կայացման վաղվա օրվա համար»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:





























