Վրաստանի նոր իշխանությունները բանտից ազատ են արձակում ծայրահեղական Չախալյանին եւ նստեցնում նրանց, ովքեր ջավախքում չեզոքացրել են անջատողականության սպառնալիքն ու ամրապնդել Վրաստանի պետականությունը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է «Միացյալ ազգային շարժման» գլխավոր քարտուղար, Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին:
Նրա խոսքով, բոլոր միջոցառումները, որոնք իրականացվել են Սամցխե-Ջավախքում վերջին տարիներին, համաձայնեցվել են անձամբ իր հետ, եւ նա պատրաստ է անձամբ կրել պատասխանատվություն դրա համար: «Եթե Իվանիշվիլիի նպատակը չէ պետական հաստատությունների ոչնչացումն ու ոստիկանության վարկաբեկումը, կոչ եմ անում նրան հանգիստ թողնել շարքային ոստիկաններին: Եթե Վրաստանի նոր կառավարությունը ցանկաում է իմանալ, թե ինչ միջոցառումներ են իրականացվել այդ տարածաշրջանում` անջատողականության շեզոքացման համար, կարող են անել դա` ինձ հարցաքննելով: Ես եւ իմ ընկերները հետայսու եւս շարունակելու ենք ամրապնդել Վրաստանում եւ Սամցխե-Ջավախքում վրացական պետականությունը, եւ Իվանիշվիլին իր հակապետական գործողություններով չի կարող խանգարել դրան»,- գրել է Վանո Մերաբիշվիլին:





























