Հայաստանի ոստիկանությունն իր խորին ափսոսանքն է հայտնում ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի նկատմամբ կատարված զինված ոտնձգության կապակցությամբ եւ հավաստիացնում է, որ իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները` ապօրինությունները կանխելու եւ բացահայտելու համար:
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «ՀՀ ոստիկանությունը, կարեւորելով ընտրական գործընթացների բնականոն ընթացքի ապահովումը, դեռեւս սույն թվականի հունվարի 17-ի իր հայտարարության մեջ պատրաստակամություն էր հայտնել երաշխավորելու ՀՀ նախագահի թեկնածուների անվտանգությունը, մասնավորապես՝ ըստ իրենց դիմումի նրանց տրամադրելով ուղեկցող ծառայողներ:
ՀՀ ոստիկանությունը եւս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունը` իր լիազորությունների շրջանակներում երաշխավորելու ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը եւ կոչ է անում նրանց օգտվելու այդ հնարավորությունից»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:





























