Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձով երկու հոգու ծրագրեր խափանվեցին` մեկը գործող նախագահի, մեկն էլ երեւի Անդրիաս Ղուկասյանի: Այս մասին, այսօր` փետրվարի 2-ին հրավիրված ասուլիսին ասաց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը: Նրա խոսքով, այս իրադարձությունից հետո Անդրիաս Ղուկասյանի հացադուլն ավելի քան ծիծաղելի է դառնում:

«Հիմա պետք  է էլի 14 օր սոված մնա, որ էլի քարոզարշավը սկսի: Եթե հացադուլից դուրս գա, ուժն է կորում: Գնա 14 օր սնվի եւ ամռանը էլի գա հացադուլ հայտարարի: Չգիտեմ ինչ ասեմ»,- ասաց Վարդան Սեդրակյանը:

Ըստ նրա՝ ամբողջ քարոզարշավի տրամաբանությունը, հոգեբանությունը փոխվեց: «Սկսենք գործող նախագահից. նա էլ չի կարող ասել. «Ապահով Հայաստան», քանի որ արդեն այդքան էլ համոզիչ չէ, եթե ապահով ընտրություն չի կարողանում կազմակերպել: Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող բարեւներով ման գալ, քանի որ կարող է այնպես լինի, որ առանց մեր կարծիքը հաշվի առնելու թիկնապահներ տրամադրեն ու թիկնապահներին այս ու այն կողմ պետք է բրդի»,- ասաց էպոսագետ ներկայացող թեկնածուն, իսկ Հրանտ Բագրատյանի մասին էլ նշեց, թե ինչպես կարող է նա նախագահ լինել, երբ Կոնգրեսում լինելով երկրորդ մարդը, չկարողացավ համոզել, որ ինքն է լիդերը:

Հարցին, թե Պարույր Հայրիկյանի մահափորձից հետո ինքը լարվա՞ծ է, թե՝ ոչ, թեկնածուն պատասխանեց. «Բացարձակապես, ես հավատում եմ ճակատագրին, հավատում եմ նախախնամությանը եւ հաստատ գիտեմ, որ այս տարի եւ այս քարոզարշավն իմ կյանքի վերջինը չի լինի: Իսկ թիկնապահներ երբեք չեմ ունեցել»:

Սեդրակյանը չի բացառում, որ ընտրությունների հետաձգման երկշաբաթյա ընթացքում Սերժ Սարգսյանը երկար մտածի եւ առաջին ինքնաբացարկն ինքը հայտնի: «Եթե մնացած բոլոր թեկնածուները ինքնաբացարկ հայտնեն, մի անհանգստացեք, ես նրան մենակ չեմ թողնի: Այնպես որ հանգստացրեք Սերժ Սարգսյանին, այդ պահին ես իրեն միայնակ չեմ թողնի»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am