Գլենդելում փետրվարի 1 -ին հարյուրավոր հայեր են հավաքվել «Charter Communications» ընկերության շենքի առջեւ` բողոքելով փետրվարի  19 –ից հայկական «Horizon» հեռուստաալիքը փակելու որոշման դեմ, հաղորդում է  «Asbarez»-ը:  Ակցիան կազմակերպել է «Փրկենք «Horizon հեռուստաալիքը» քաղաքացիական նախաձեռնությունը:

«Charter Communications» ընկությունից «Horizon»-ին հայտնել էին, որ  հեռուստաալիքը կզրկվի եթերից, չնայած որ ստորագրել է պայմանագիր 2013թ. համար:

«Փրկենք «Horizon հեռուստաալիքը» քաղաքացիական նախաձեռնությունը  ծրագրում է մեծ հանրահավաք անցկացնել փետրվարի  8-ին` «Charter Communications»-ի գլխավոր գրասենյակի մոտ:

Քաղաքացիական խմբի անդամ Դրո Գրիգորյանի խոսքով, ընկերության պատասխանատուներն ասել են, թե «Horizon»-ը չի ստորագրել պայմանագիրը` մոլորեցնելով մարդկանց: Գրիգորյանն ու խմբի այլ անդամներ ընկերության գրասենյակ են այցելել եւ բացատրություն պահանջել համայնքային հեռուստաալիքի հետ կապված իրենց գործողությունների համար: Ընկերության ներկայացուցիչները նրանց չեն կարողացել սպառիչ պատասխան տալ:

Հայ համայնքը կազմում է Գլենդելի եւ Լա Կրասենտե բնակչության 40, Բրբենքի`  35 տոկոսը. այդ տարածքները սպասարկում է  «Charter Communications»-ը` հեռարձակելով «Horizon»-ի հաղորդումները: