Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ուսանել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ, իսկ հայտնի պետական գործիչ Ալֆրեդ Կոխի հետ այցելել է կոլտնտեսություն: Այդ մասին նա պատմել է «Մոսկովսկիե նովոստի»-ին՝ պատասխանելով Չուբայսի, Միլլերի եւ Կոխի հետ սովորելու եւ այն մասին հարցին, թե «արդյոք այն ժամանակվանից ի դեմս Չուբայսի եւ Միլլերի արդեն ուրվագծվում էին Ռուսաստանի ապագա գլխավոր սեփականաշնորհողը եւ աշխարհի խոշորագույն գազային ընկերության ղեկավարը»:
«Իրոք, Միլլերի հետ մենք նույն խմբում ենք սովորել, Կոխի հետ միասին կոլտնտեսություն ենք այցելել, եթե չեմ սխալվում, մեզ Վոլոգդայի շրջան ուղարկեցին: Իսկ ահա Չուբայսը այլ ինստիտուտում էր սովորում: Այն ժամանակ Գայդարը եւ Չուբայսը Մոսկվայում եւ Պետերբուրգում սեմինարներ էին կազմակերպում, որտեղ քննարկվում էին տնտեսական նոր մոդելներ (հարավսլավական, հունգարական), եւ շատերը, այդ թվում եւ ես, մասնակցում էին դրանց: Իհարկե, ո՞վ այն ժամանակ կպատկերացներ, թե ինչպես կդասավորվի կյանքը...», - պատմել է Տ. Սարգսյանը:
Ըստ նրա` ավարտելուց հետո Միլլերի հետ առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երեւանում` Վլադիմիր Պուտինի Հայաստան առաջին այցի պաշտոնական ընթրիքի ժամանակ: «Ես այն ժամանակ Կենտրոնական բանկի նախագահն էի, իսկ Միլլերը «Գազպրոմ»-ում էր: Իհարկե, դա շատ հաճելի եւ անակնկալ հանդիպում էր, մենք տեսնվեցինք, ողջագուրվեցինք: Մեր ուսանողությունը ես հիշում եմ որպես լուրջ մրցակցություն, թե ով ինչպես էր սովորում: Մեր խումբը շատ ուժեղ էր, առաջին տեղն էր զբաղեցնում ինստիտուտում: Ես բացարձակ գերազանցիկ էի, ուսման ողջ ընթացքում միայն մեկ չորս եմ ունեցել խորհրդային իրավունքից, եւ այն էլ նրա համար, որ դա իմ առաջին քննությունն էր»,- Լենինգրադում իր ուսանողական տարիների մասին պատմել է Հայաստանի վարչապետը:





























