Փորձաքննությունը հաստատել է, որ  2012թ. սեպտեմբերին հայտնաբերված մնացորդները պատկանում են  Անգլիայի թագավոր Ռիչարդ 3-րդին (1452-1485): Լեսթերի համալսարանի գիտնականները փետրվարի 4-ի մամուլի ասուլիսում պատմել են 2012թ. սեպտեմբերին սկսված պեղումների եւ հետազոտությունների մասին:

Պեղումների վայրում հնագետների հայտնաբերած կմախքը վառ արտահայտված աջակողմյան  սկոլիոզ է ունեցել, ինչպես նաեւ գանգոսկրերի վնասվածքներ: Փորձագետները մարմնին հայտնաբերել են տասը վնասվածք, որոնցից ութը գլխի հատվածում են եղել: Ըստ գիտնականների` մահը վրա է հասել գանգի հատվածում թրի հարվածից, հայտնում է Guardian-ը:

ԴՆԹ-ի վերլուծություն կատարած մասնագետները նաեւ եզրակացրել են, որ դրանք թագավորի մնացորդներն են: Նրանք համեմատել են կանադացի Մայքլ Իբսենի ԴՆԹ-ի հետ, որը համարվում է Ռիչարդ 3-րդի քրոջ` Աննայի սերունդը:  Ըստ գիտնականների` Իբսենի բարեկամությունն այն մարդու հետ, որի  մնացորդները հայտնաբերվել էին Լեսթերում, «կասկածներից վեր է», գրում է  lenta.ru-ն:

Ռիչարդ 3-րդը կարճ ժամանակ է գահակալել` 1483թ.-ից մինչեւ 1485թ., երբ նա սպանվել էր Բոսվորտի ճակատամարտում:  Թագավորը  Պլանտագենետների սերնդի վերջին միապետն էր: Ռիչարդ 3-րդն առավել հայտնի է Շեքսպիրի համանուն պիեսից, որտեղ միապետը նկարագրված է որպես դաժան չարագործ: