Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` փետրվարի 5-ին, ներկայացրել է ԿԸՀ նիստերի առցանց հեռարձակման համակարգը, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (ԱՅ ԷՖ Ի ԷՍ/IFES) հայաստանյան մասնաճյուղի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համագործակցության արդյունքն է:

Նշված նախաձեռնությունն ընձեռում է հնարավորություն` հետեւելու հանձնաժողովի նիստերի աշխատանքին, պատկերացում կազմելու դիմում(բողոքների) քննության վարույթների, ինչպես նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որոշումների ընդունման վերաբերյալ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ նիստերի առցանց հեռարձակման համակարգը լրացուցիչ միջոց է` ուղղված հանձնաժողովի գործունեության թափանցիկության, հանրային իրազեկման եւ անձանց իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի  ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ողջունելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությունը, նշել է, որ այն  կխթանի ընտրական գործընթացի մյուս մասնակիցների աշխատանքը եւ կբարձրացնի հանրային վստահությունը:

ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության եւ կառավարման գրասենյակի տնօրեն Ստիվեն Բրեգերն իր խոսքում նշել է, որ բարձր է գնահատում կատարված աշխատանքը` հույս հայտնելով, որ նմանատիպ նախաձեռնությունները կկրեն շարունակական բնույթ: