Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, թե մասնավորապես. 2013 թ. փետրվարի 11-ից գործարկվելու են Երեւան քաղաքում նոր տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Ավետիսյան փողոց-Սարալանջի նոր ճանապարհ, Արմենակյան փողոց-Սարալանջի նոր ճանապարհ, Զաքյան փողոց-Խորենացի փողոց, Լենինգրադյան փողոց-Սեբաստիա փողոց, Աբովյան փողոց-Սայաթ-Նովա փողոց, Տերյան փողոց-Սայաթ-Նովա փողոց, Տերյան փողոց-Կորյունի փողոց եւ Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ փողոց խաչմերուկներում, ինչպես նաեւ «Մ-5 Երեւան–Արմավիր–Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 13.9 եւ 14.0 կմ հատվածում (Պտղունք գյուղի տարածք)` Երեւան քաղաքից դեպի Արմավիր քաղաք եւ Արմավիր քաղաքից դեպի Երեւան քաղաք ուղղությունների վրա (երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է) ու Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում (երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ է) նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:





























