Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանի կողմից այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հնչեցրած «թաղապետերը շենքերի լիազորների միջոցով ճնշում են գործադրում ընտրողների վրա եւ կաշառք առաջարկում» հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին հայտարարություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի պետի տեղակալ, ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը:
«Եթե թեկնածուն իր տրամադրության տակ իսկապես ունի հստակ փաստեր, ապա իրավաչափ է, որ սահմանված կարգով դիմի իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար: Հակառակ պարագայում հայտարարությունը լոկ մերկապարանոց մեղադրանք է»- ասաց Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ նման երեւույթների վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը իր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է:
Հիշեցնենք, որ Արման Մելիքյանն այսօր` փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե վարչական շրջաններում շենքերի լիազոր ներկայացուցիչները տնից տուն են գնում, նրանց բաժանում են ձեւաթղթեր, տվյալներ են հավաքում, թե ովքեր են Հայաստանում, ովքեր են մեկնել, բայց նրանց կողմից բաժանված ձեւաթղթերի մեջ հարց կա նաեւ, թե արդյոք ընտրողը ձայնը տալու է Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Նրանք, նախագահի թեկնածուի խոսքով, այցելել են նաեւ Աջափնյակում բնակվող նրա մոր տուն, շտաբի անդամների տներ: Այս խնդիրը նա պատրաստվում է բարձրաձայնել թե ԿԸՀ-ի, թե դիտորդների առջեւ:





























