Հայ ժողովուրդը չպետք է ապրի խորհրդային պետության, ԱՄՆ-ի կամ նախկին Օսմանյան կայսրության տարածքում: Այդ մասին այսօր՝ փետրվարի 5-ին, Արարատի մարզի Արարատ քաղաքի ընտրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Ըստ Հովհաննիսյանի՝ իր ընտրվելու դեպքում կճանաչվի Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ պետության տարածքային ամբողջականության շրջանակում, մեր իրավունքին եւ ազգային շահերին համապատասխան: «Մենք պետք է կախված չլինենք միջազգային հանրությունից, հետեւենք, թե ինչ է նա անում, ճանաչում է արդյոք Կոսովոյի կամ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, թե՝ ոչ: Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ռուսաստանը ճանաչում է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը եւ ինքնորոշման իրավունքը, եւ դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա դա ծաղր է մեր ժողովրդի նկատմամբ: Ես գիտեմ, որ միջազգային հարաբերությունները տարբեր շահերի բախման ասպարեզ են, միջպետական հարաբերություններում եւս պետք է գերիշխի օրենքը», - ամփոփել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























