Պետք  է վերջ դրվի հայ-թուրքական ամոթալի արձանագրություններին, հայկական պետությունը պետք է հետ կանչի իր ստորագրությունը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 5-ին, Արարատի մարզի Արարատ քաղաքի ընտրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխանցում է  NEWS.am-ի թղթակիցը:

«Կամ մինչեւ 2015թ. ապրիլի 24-ը դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն եւ  հայ-թուրքական սահմանը բաց կլինի, կամ էլ հայկական կողմը երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջին անգամ հանդես կգա սեփական հիմնավորված նախապայմաններով», - նշել է նախագահի թեկնածուն:

Ըստ նրա՝ Ջավախքն այն  գործոնը կդառնա, որը Հայաստանի եւ Վրաստանի թշնամացնելու փոխարեն կապահովի երկու ժողովուրդների համատեղ անվտանգությունը՝ պահպանելով իր ազգային, էթնիկական եւ վարչական իրավունքները: «Վերջապես, մեր գործընկերներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի եւ ԵՄ-ի հետ պետք է հասնել հորիզոնական հարաբերությունների կառուցման, իհարկե, մեր ազգային շահերին հետամուտ լինելով», - ընդգծել է Րաֆֆի Հովհաննիսյանը, հավելելով, որ Ռուսաստանից մինչեւ ԱՄՆ՝ նա, ով կհարգի հայ ժողովրդի շահերը, «կհամարվի մեր բարեկամը»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am