Առաջին քայլը, որ Հրանտ Բագրատյանը կձեռնարկի նախագահի պաշտոնում, մաքսատան հարցի լուծումն է 5 րոպեում եւ ներկրման մենաշնորհի վերացումը: Այդ մասին, այսօր` փետրվարի 5-ին, հայտարարել է Բագրատյանը` Արմավիրի ընտրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Չեմ խոստանում լուծել աշխատատեղերի հարցը մեկ տարում, բայց խոստանում եմ լուծել մաքսատան հարցը հինգ րոպեում: Միանգամից ազատվելու է մաքսային ծառայության պետը, իսկ ներկրման մենաշնորհները հանվելու են: Առեւտրով կարող է զբաղվել յուրաքանչյուրը»,- հավաստիացրել է Բագրատյանը:
Ըստ Բագրատյանի, մենաշնորհների ներկայիս համակարգի պայմաններում օլիգարխ-ներկրողներին «ֆինանսավորում են մարդիկ` գնելով շաքար, ձեթ, ալյուր»: «Հայաստան արտերկրից ամեն տարի 11 միլիարդ դոլար է մտնում, դրանից 7-ը ուղարկում են ձեր երեխաները, որ աշխատում են արտերկրում: Այն գումարներով, որ դուք գնում եք նրանցից այդ ապրանքները, նրանք արտերկրում տներ եւ գույք են գնում: Հարց, ով է ո՞ւմ ֆինանսավորում, արտերկիրը Հայաստանի՞ն, թե՞ հակառակը»,- ասել է Բագրատյանը` նշելով, որ իշխանությունը շահագրգռված չէ տնտեսության ազատականացման մեջ. «Նրանք ուզում են, որ տնտեսությունը ղեկավարեն մի քանի հոգի, որ իշխանությունը ամեն ինչին հետեւի եւ ամեն ինչ պայմանավորվի: Այդ խաղը պետք է դադարեցնել»:
Ըստ Բագրատյանի, սոցիալական անհավասարության լուծումը պրոգրեսիվ հարկման մեջ է, որը պետք է աճի եկամուտներին զուգահեռ:




























