Ձեւավորված ավանդույթը հուշում է, որ Հայաստանում հնարավոր չէ ընտրությունների միջոցով ձեւավորել ժողովրդի իշխանություն: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ունեցած իր ելույթում նշել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Մեր ընտողը դրանում համոզվել է իր տառապանքի փորձով. հանրապետական գրեթե բոլոր ընտրություննեի ընթացքում անհավասար պայքարի մեջ են մտել` մի կողմից իշխող քաղաքական ուժի, մյուս կողմից` ազգի, մեր պետության եւ պետականության շահերը: Ցավոք, այս դեպքում նույնպես ավանդույթի ուժով պետության, ազգի շահերի նկատմամբ ջախջախիչ հաղթանակ է տարել օրվա իշխող խմբավորման շահը: Արդյունքում, այսօր ունենք մինչեւ 50 տոկոս ստվերային տնտեսություն, մենաշնորհների հաղթարշավ, կոռումպացված պետական կառավարման համակարգ, բոլոր ոլորտներում «ատկատների» շքերթ, իսկ որպես այս ամենի հետեւանք`իր չափերով ազգային անվտանգությանը սպառնացող արտագաղթ, որ այլեւս սոցիալական դիտարկելը ճիշտ չէ:

Այժմ իշխանության ներկայացուցիչները հրապարակային ելույթներում կամ առանձին զրույցներում գրեթե երդվում են, որ անցկացնելու են ազատ, արդար, քաղաքակիթ ընտրություններ: Բայց իրականությունն այն է, որ տեղական ինքնակառավարման մարմինները տեղերում անթաքույց սկսել են ընտրողների անձնագրերի կամ անձնագրային տվյալների հավաքագրում՝ ամենատարբեր խոստումներով, հորդորներով ու հարկադրանքներով: Դպրոցներում վարչական ռեսուրսների օգտագործումը հասել է նրան, որ ծնողական ժողովները վերածվել են իշխող ուժի թեկնածուին սատարելու քարոզչության ու ծնողների նկատմամբ հարկանդրանքի, շանտաժի: Եթե իսկապես ազնիվ է բարձրագույն իշխանության երդումն արդար ընտրություներ անցկացնելու մասին, ապա առնվազն այն պետք է փոխանցվի տեղերում` ի գործադրումն, եթե ոչ` Նժդեհը ունի մարդու այդ տեսակի նկատմամբ իր պատկերավոր գնահատականը: Կարծում եմ գոնե ձեզանից ոմանք ծանոթ են այդ գնահատականին:

Այո´, այս ընտրապայքարը շահեկանորեն տարբերվում է նախորդներից իր հռետորությամբ, ագրեսիվ լարվածության բացակայությամբ, բայց մյուս կողմից առանձնանում է քաղաքական ավանտյուրայի որոշ էլեմենտներով եւ երեսպաշտության առավել պրոֆեսիոնալ դրսեւորումներով: Եկեք իսկապես հարգենք մեր հրապարակային խոստումներն ու երդումները եւ գոնե այս անգամ մարդավարի անցկացնենք արժանապատիվ, արդար ընտրություններ:

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անունից դիմում եմ մեր ընտրողներին՝ խնդրնաքով եւ հորդորով, որպեսզի փետրվարի 18-ին յուրաքանչյուր ընտրող իր արժանապատվությունը, իր ես-ը, իր երեխայի ապագայի նկատմամբ պատասխանատվությունը տանի ընտրատեղամաս, եւ խղճի մտոք իր քվեով ձեւավորի արժանի իշխանություն:  Հավատացե´ք, հարգելի´ հայրենակիցներ, որ միայն ընտրություններին Ձեր ակտիվ մասնակցությամբ եւ միասնական ուժերով այդ քվեի պաշտպանմամբ է պայմանավորված Ձեր եւ Ձեր երեխաների, մեր բոլորի եւ, իհարկե, մեր պետության ապագան:

Փետրվարի 18-ին մաղթում եմ Ձեզ բարի ընտրություն»,- իր ելույթում ընդգծել է Ռուբեն Հակոբյանը: