«Ազատություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն, ըստ էության, չի պատրաստվում դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունները երկշաբաթյա ժամկետով  հետաձգելու նպատակով:

Հրանտ Բագրատյանի մամուլի քարտուղար Կարինե Հարությունյանը, NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, դիմելո՞ւ եք ՍԴ, թե` ոչ, պատասխանեց հետեւյալը. «Դա Պարույր Հայրիկյանի խնդիրն է»:

Նա նշեց, որ Սահմանադրության թիվ 52 հոդվածը հստակ սահմանում է չհաղթահարված խոչընդոտի եւ այդ առնչությամբ երկու շաբաթով ընտրությունները հետաձգելու մասին: Մեր կարծիքով պետք է հարգվեր երկրի Սահմանադրության պահանջը: Պարույր Հայրիկյանը չի դիմել ՍԴ, ափսոս, դա իր խնդիրն է»,- նշեց մամուլի քարտուղարը:

Հարցին, թե սպասելի՞ էր արդյոք Հայրիկյանի նման որոշումը, թե` ոչ, Կարինե Հարությունյանն այս հարցն առանց մեկնաբանության թողեց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն ասուլիսում հայտարարել էր, որ Պարույր Հայրիկյանը չի դիմելու ՍԴ` ընտրությունները հետաձգելու հարցով: Դրանք կկայանան փետրվարի 18-ին, ինչպես նախատեսված են: Իր այս որոշումը Հայրիկյանը բացատրել է նրանով, որ չի ցանկանում նպաստել բռնությամբ քաղաքական կյանքը փոխելու ծրագրերին:

Նշենք, որ Սահմանադրության 52-րդ հոդվածը տարանջատում չի դնում նախագահի թեկնածուների միջեւ եւ նրանցից յուրաքանչյուրը կարող է դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունները հետաձգելու պահանջով, եթե կարծում է, որ անհաղթահարելի խոչընդոտներ են առաջացել թեկնածուներից մեկի համար:  Հայաստանի նախագահական ընտրություններից ոչ ոք դեռ չի հայտարարել ՍԴ դիմելու հնարավորության մասին: Միայն էպոսագետ ներկայացող նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն է նշել, որ այժմ խորհրդակցում է իրավաբանների հետ, եւ եթե հնարավորություն լինի, ապա պատրաստվում է անպայման դիմել: