Մեր ժողովուրդը հնարավորություն ունի դուրս գալ անհատական կամ միջկուսակցական պայքարից. փետրվարի 18-ին մենք պետք է որոշենք` ուր ենք գնում: Այս  մասին, այսօր` փետրվարի 5-ին, Արարատի մարզի Վեդի քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ  հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Նրա խոսքով` ընտրողների ակտիվ մասնակցության դեպքում 20 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանում տեղի կունենան «ժողովրդին պատկանող ընտրություններ»:

«Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին, ում  դեմ մահափորձ է կատարվել, ես առողջություն եմ մաղթում նրան: Թող համապատասխան մարմինները խստորեն զբաղվեն այդ գործով, եւ ես համոզված եմ, որ  գործող նախագահին եւ այժմյան իշխանություններին, ցանկության դեպքում, կհաջողվի 3 օրվա ընթացքում  բացահայտել այդ հանցագործության կազմակերպիչներին»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նաեւ նշել է, որ տվյալ միջադեպը ձեռնտու չէր գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

«Մենք հնարավորություն կունենանք` օտարերկյա ներդրումները մեծացնել մինչեւ  600 տոկոսով: Հարկերն ու դատարաններն արդար կլինեն: Պետությունն իր վրա կվերցնի մանր եւ միջին բիզնեսին նոր շունչ հաղորդելը: Եւ ամենագլխավորը. Եթե մենք ցանկանում ենք ունենալ իրավական Հայաստան, պաշտպանված ընտանիք կամ արտագաղթի դադարեցում, ուրեմն տանը նստելու փոխարեն ակտիվ մասնակցություն պետք է ցուցաբերել արդարության եւ ազատության պայքարում»,- ընդգծել է Րաֆֆի Հովհաննիսյանը: