Փետրվարի 5-ին, Ս. Ղեւոնդյանց քահանայից տոնին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի է ունեցել քահանայից ավանդական հավաքը, որի քննարկման նյութն էր` «Թեմերում ծխական կյանքի եւ եկեղեցական կառույցների (ծխական խորհուրդ, տիկնանց միություն, երիտասարդաց միություն եւ այլն) կազմակերպումը եւ նրանց գործունեության կանոնակարգումը»: Քահանայից ժողովին մասնակցել են Հայաստանի ու Արցախի թեմերի հոգեւոր առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները եւ թեմերի 169 հոգեւոր սպասավորներ:
Առավոտյան Մայր Տաճարում շուրջ 220 եկեղեցականներ, նախագահությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի, մասնակցել են Ս. Պատարագի արարողության: Պատարագիչն էր Շիրակի թեմի Ամասիայի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Փառեն քահանա Առաքելյանը:
Այնուհետեւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում իր աշխատանքներն է սկսել քահանայից ավանդական հավաքը:
Հավաքի ընթացքում զեկույցներով հանդես են եկել Տ. Փառեն քահանա Առաքելյանը (Շիրակի թեմ) եւ Տ. Վրթանես քահանա Բաղալյանը (Գուգարաց թեմ): Քահանայից ժողովի մասնակիցները քննարկել են թեմական ծուխերի եւ նրանց ենթակառույցների կազմակերպությանն առնչված խնդիրներ, ինչպես նաեւ ազգային-եկեղեցական կյանքի զանազան մտահոգիչ երեւույթներ: Քննարկումների արդյունքում հավաքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես, անդրադարձել է Պարույր հայրիկյանի դեմ կատարված մահափորձին: «Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում վերջին օրերին ազգային կյանքն ալեկոծած ցավալի իրողության` ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի առիթով: Դատապարտում ենք հանցավոր այս արարքը, որն ուղղված է ինչպես անհատի, այնպես եւ մեր ողջ հասարակության դեմ: Կոչ ենք անում մեր ժողովրդին ապրելու սիրո ու միաբանության ոգով, մեր ազգի եւ Հայրենիքի շահերի գիտակցությամբ լինելու առավել համախումբ եւ միակամ»:
Ժողովի ավարտին տեղի է ունեցել պարգեւաբաշխություն: Տոնի առիթով Գարեգին Բ-ն ծաղկյա փիլոն կրելու իրավունք է շնորհել Արարատյան Հայրապետական թեմից Տ. Հակոբ քահանա Խաչատրյանին, Տ. Կարապետ քահանա Կարապետյանին, Տ. Դավիթ քահանա Կյուրեղյանին, Տ. Գաբրիել քահանա Պետրոսյանին, Վայոց Ձորի թեմից Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանին, Արմավիրի թեմից Տ. Պարթեւ քահանա Աշուրյանին եւ Տ. Եղիշե քահանա Կարսյանին, Կոտայքի թեմից Տ. Հովնան քահանա Մաթեւոսյանին եւ Տ. Իսահակ քահանա Մարգարյանին, Շիրակի թեմից Տ. Վարուժան քահանա Տերտերյանին:
Լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Արարատյան Հայրապետական թեմից Տ. Երվանդ քահանա Բաբայանը եւ Տ. Պարթեւ քահանա Մուրադյանը, Արթիկի թեմից Տ. Լեւոն քահանա Հովհաննիսյանը եւ Տ. Եղիշե քահանա Նազարյանը, Արմավիրի թեմից Տ. Մասիս քահանա Վարդերեսյանը, Կոտայքի թեմից Տ. Զոհրապ քահանա Մանասյանը, Սյունյաց թեմից Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը, Շիրակի թեմից Տ. Հուսիկ քահանա Գրիգորյանը եւ Տ. Փառեն քահանա Առաքելյանը, Բանակի հոգեւոր առաջնորդությունից Տ. Սիմեոն քահանա Մովսիսյանը, Տ. Համբարձում քահանա Դանիելյանը, Տ. Զաքարիա քահանա Անանյանը եւ Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցուց Տ. Սեւակ քահանա Գաբրիելյանը:
Ժողովի ամփոփումից հետո Մայր Տաճարում եկեղեցականները մասնակցել են Երեկոյան ժամերգության:




























