Պարույր Հայրիկյանին աջակցելու ցանկությունը, որը կար երեք օր առաջ, կորել է: Այս մասին, այսօր` փետրվարի 5-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` Արմավիր քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Չեմ հասկանում Հայրիկյանի մտավախությունը ԿԳԲ-ից: Սա ի դեպ: Ափսոսում եմ, որ նա նախընտրեց չդիմել Սահմանադրական դատարան` ընտրությունները հետաձգելու հարցով: Ես դա չեմ մեկնաբանի, բայց ինձ իրավունք եմ վերապահում մտածել այն, ինչ ուզում եմ: Կարող եմ միայն ասել, որ նրան աջակցելու ցանկությունը, որը կար երեք օր առաջ, հիմա կորել է: Ես միայն աղոթում եմ, որպեսզի հանցագործին բռնեն»,-ասել է Բագրատյանը:

Նա մեկնաբանել է նաեւ Հայրիկյանի շրջապատից հնչած կարծիքը, թե ՍԴ կարող են դիմել նաեւ մյուս թեկնածուները: «Չեմ ցանկանում ամբողջությամբ իրականությունը կատակի վերածել, որը բերում եմ միայն որպես օրինակ: Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը մեքենայի տակ է ընկել ու մի քանի մարդ տեսել է դա: Տուժածը ոչ մի տեղ չի դիմում, իսկ վկաներին ասում է, դուք տեսել եք, թե ինչ է տեղի ունեցել, դուք դիմեք»,-ասել է Բագրատյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանն այսօր հայտարարել է, որ չի դիմելու Սահմանադրական դատարան` ընտրությունները հետաձգելու հարցով: