Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` փետրվարի 6-ին, շարունակվել է Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի ձեռքբերման համար գումար տված, սակայն հետագայում խաբված գնորդներից մեկի` Լուսինե Գյուլխասյանի գործով դատական քննությունը:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբն այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է.

«Այս գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր գործում ներգրավված նոր մեղադրող դատախազին գործի նյութերին ծանոթանալու ժամանակ տրամադրելու համար: Դատախազ Արման Հակոբյանին դատարանում արդեն իսկ փոխարինում է Երեւան քաղաքի դատախազի տեղակալ, դատախազ Լեւոն Չարխիֆալակյանը: Ամբաստանյալ Էդուարդ Եսայանին պաշտպանելու համար այսօր դատարան ներկայացավ Հանրային պաշտպանի գրասենյակից պաշտպան Կարինե Խաչատրյանը: Վերջինս եւս ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար: Դատավոր  Արշակ Վարդանյանը բավարարեց միջնորդությունը եւ նիստը հետաձգեց մինչեւ փետրվարի 15-ը:

Նիստի ժամանակ դատավորը հրապարակեց դեռեւս 2012 թվականի դեկտեմբերի 20-ին տուժող Լուսինե Գյուլխասյանի կողմից դատարան մուտք արված հայցադիմումը, որը նաեւ տուժողի միջնորդությունն էր պարունակում: Դրանով տուժողը պահանջել է արգելանք դնել ամբաստանյալ Էդուարդ Եսայանի շարժական եւ անշարժ գույքի վրա: Թեեւ ամբաստանյալը հայտարարեց, որ չունի որեւէ շարժական կամ անշարժ գույք, դատարանը բավարարեց Լուսինե Գյուլխասյանի միջնորդությունը:

Դատարանն այսօր նաեւ ավարտեց դատավարության նախապատրաստական փուլը:

Հիշեցնենք, որ խոսքն ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերության Մաշտոցի 33/1 շենքում բնակարան ստանալու համար վճարում կատարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդի մասին է: Իսկ կնքված գործարքը, որով հաջողվել է խաբել գումարներ տված քաղաքացուն, ըստ մեղադրանքի կնքել է գործարարի ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը: Եսայանի կողմից կնքված բազմաթիվ ապօրինի գործարքներից այս մեկով հարուցված  քրեական գործով առաջադրված մեղադրանքում, առայժմ պարզ չէ թե ինչ փաստերի հիման վրա, սակայն շոշափվում է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի անունը: Մասնավորապես` Եսայանի կնքած գործարքը ներկայացվում է, որպես ի օգուտ Էդմոնդ Խուդյանի կատարված գործողություն: Գործարարի փաստաբանները դեռ նախորդ տարեվերջին բարձրաձայնեցին այս մեղադրանքի հետ կապված իրենց մտավախությունները, սակայն գործով նախկին դատախազ Արման Հակոբյանը հրաժարվեց առայժմ որեւէ կերպ հիմնավորել մեղադրանքում Էդմոնդ Խուդյանի անվան առկայությունը:

Հիշեցնենք, որ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի անունից տնօրեն Էդուարդ Եսայանը 2007թ. դեկտեմբերի 7-ին նախնական պայմանագիր էր կնքել Խուդյանի գործընկեր, շինարար Վլադիսլավ Մանգասարյանի եղբոր` Ռուբեն Մանգասարյանի հետ, որն էլ անմիջապես  իրավունքի վաճառքի պայմանագրով բնակարանի նկատմամբ իր իրավունքը օտարել էր իրական գնորդ Լուսինե Գյուլխասյանին: Սակայն Վլադիսլավ Մանգասարյանի պահանջով ընկերության տնօրենը 2010թ. սեպտեմբերի 16-ին հիմնական պայմանագրով բնակարանը ոչ թե իրական սեփականատիրոջն է հանձնել, այլ`կեղծ գնորդ  Ռուբեն Մանգասարյանին:

Այս գործով նախորդ դատական նիստերից մեկում մեզ հաջողվել էր մեղադրանքի վերաբերյալ  փոքր մեկնաբանություն վերցնել գործով միակ մեղադրյալ, Էդմոնդ Խուդյանի ընկերության նախկին տնօրեն Էդուարդ Եսայանից, ում ստորագրություններով այս խաբված գնորդի ճակատագրին են արժանացել նաեւ մի շարք այլ գնորդներ: Վերջինս նշել էր հետեւյալը.

«Ռուբենը պետք է տար բնակարանը ու չի տվել: Հիմա էլ ես եմ թշնամի դուրս գալիս այս մարդկանց առաջ, իսկ ես ով եմ եղել, ընդամենը տնօրեն, ով ստորագրել է այն ինչ տրվել է:  Ես ամբողջ քննության ընթացքում էլ ասել եմ, ինչու եմ ես մեղադրյալի աթոռին, իրականում այստեղ այլ անձինք պետք է լինեն եւ ես դատարանում էլ ասելու եմ այդ մասին»:

Դատական նիստին այսօր ներկայացել էր գործով վկաներից միայն մեկը` Լուսինե Գյուլխասյանի հայրը` Գեւորգ Գյուլխասյանը, իսկ Վլադ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանը դատարանին տեղյակ էր պահել, որ հիվանդանոցում է գտնվում եւ վիրահատության պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին:

Նշենք, որ սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդանը գտնում է, որ խարդախության փաստով հարուցված քրեական գործը իրեն զրպարտող կեղծ մեղադրական եզրակացությամբ է դատարան ուղարկվել, իսկ ուղղորդված մեղադրականով կրկին պաշտպանության տակ է առնվել Վլադիսլավ Մանգասարյանը: Մեղադրանքից էլ չգիտես ինչպես բացակայում է Վլադի եղբայր Ռուբեն Մանգասարյանի անունը, ում անունով գրանցվել է խաբված քաղաքացու բնակարանը: