Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին մահափորձի ենթրակվելու հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված, այնուհետեւ վիրահատված նախագահի թեկնածու, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանն այսօր` փետրվարի 6-ին, նորից մի քանի ժամով դուրս է եկել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հիվանդանոցից` հավելելով, որ նրա անվտանգությունը շարունակում են ապահովել:

Մահափորձի ենթարկված թեկնածուն այս անգամ հիվանդանոցից դուրս է եկել մասնակցելու մոր քառասունքին: Հիվանդանոցից հայտնեցին, որ Հայրիկյանը գիշերը հանգիստ է անցկացրել, վիճակի վատթարացում չի եղել: Նա մի քանի ժամից կվերադառնա հիվանդանոց: Նախագահի թեկնածուն ֆիզիոթերապեֆտիկ բուժում է ստանում, որպեսզի ձեռքի թմրածությունը անցնի:

Նշենք, որ փետրվարի 1-ին վիրահատվելուց հետո Պարույր Հայրիկյանը մի քանի անգամ լքել է հիվանդանոցը, նախ` գնացել է տուն` հարազատներին տեսնելու, երեկ` փետրվարի 5-ին, եկել եւ մասնակցել է իր ներկայացուցիչների ասուլիսին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Պարույր Հայրիկյանը չի դիմելու ՍԴ` ընտրությունները հետաձգելու հարցով: Դրանք կկայանան փետրվարի 18-ին, ինչպես նախատեսված են: Իր այս որոշումը Հայրիկյանը բացատրել է նրանով, որ չի ցանկանում նպաստել բռնությամբ քաղաքական կյանքը փոխելու ծրագրերին:

Հիշեցնենք, որ  Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am