Ռասիստ եւ խիստ հակահայ պատգամավորներով հայտնի թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Իզիմիրից ընտրված կին պատգամավոր Բիրգյուլ Այման Գյուլերի՝ «Քուրդը չի կարող թուրքին հավասար լինել» արտահայտությունից հետո բազմաթիվ քրդեր են դուրս եկել հիշյալ կուսակցությունից։

Թուրքական Marksist.org կայքի փոխանցմամբ՝  ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կին պատգամավորի սկանդալային հայտարարությունից հետո միայն Հաքքարի նահանգում «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից դուրս է եկել 450 հոգի։

Վանի նահանգում կուսակցությունից դուրս է եկել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Վանի նահանգային կառույցի ղեկավար Նիզամ Շենը։

Նշենք, որ հիշյալ կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խիստ էր արձագանքել պատգամավորի խոսքերին։ «Մի թե՞ նման բան է ասել»,-տարակուսել էր Քեմալ Քըլըչդարօղլուն, ով կուսակցության ղեկն ստանձնելուց հետո կուսակցության խորհրդի կազմից հեռացրել էր մեծ թվով ռասիստ կուսակցականների, այդ թվում խիստ հակահայ Ջանան Արըթմանին եւ Օնուր Օյմենին։