Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձում ռուսական հետք փնտրելը քաղաքական էրոտիկա է: Այս մասին այսօր` փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:
Նա նշեց, որ ռռւսական հետքի մասին վարկածը ավելի շատ նման է քաղաքական էրոտիկայի, մանավանդ որ Ռուսաստանին դա պետք չէր, այժմ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են ճգնաժամայյին վիճակում: Մարքսիստը կարծում է, որ Հայրիկյանի խոսքն Արեւմուտքից փոխանցվող բառակապակցություն է, իսկ ընտրությունները չհետաձգելու որոշումը՝ իշխանությունների հետ անդրկուլիսային գործարք: Իսկ թե ինչպես կգնահատի իշխանությունը նախագահի թեկնածուի այս քայլը, նա կոչ արեց սպասել առաջիկա զարգացումներին:
Գլխավոր մարքսիստն իր զարմանքը հայտնեց ԱԻՄ առաջնորդի շուտ ապաքինման կապակցությամբ` նշելով, որ առնվազն մեկ ամիս պետք է ապաքինման համար: Դավիթ Հակոբյանն ասաց, որ նրա մահափորձից հետո ընտրությունները մեկ ամսով պետք է հետաձգվեին: Նա Հայրիկյանի հետ տեղի ունեցածը մեկ բառով «շոու» բնութագրեց:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Պարույր Հայրիկյանը չի դիմելու ՍԴ` ընտրությունները հետաձգելու հարցով: Դրանք կկայանան փետրվարի 18-ին, ինչպես նախատեսված են: Իր այս որոշումը Հայրիկյանը բացատրել է նրանով, որ չի ցանկանում նպաստել բռնությամբ քաղաքական կյանքը փոխելու ծրագրերին:
Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:





























