2012թ. Հայաստանում ընտանեկան բռնության 766 դեպք է արձանագրվել: Այդ մասին այսօր՝ փետրվարի 6-ի մամուլի ասուլիսում հայտնել է Քրեական հետախուզության գլխավոր վարչության Երրորդ վարչության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Ոստիկանության տվյալով՝ դեպքերից 621-ը կանանց նկատմամբ բռնության դեպքեր են, 145-ը՝ տղամարդկանց: Բացի այդ, անչափահասների նկատմամբ բռնության 15 դեպք է արձանագրվել:

Նելլի Դուրյանը նշել է, որ, ելնելով վիճակագրական տվյալներից, կարելի է կարծել, թե ընտանեկան բռնության դեպքերի թիվն աճել է, սակայն իրականում  այդպես չէ, պարզապես զոհերն են սկսել առավել հաճախ դիմել Ոստիկանություն:

Խոսելով ընտանեկան բռնության մասին՝ գնդապետը նշել է, որ տղամարդիկ, որպես կանոն, բռնության են ենթարկվում տղամարդկանց կողմից, օրինակ՝ հայրերի եւ որդիների խնդիրը: Թեեւ լինում են նաեւ կանանց կողմից բռնության դեպքեր: Այդ դեպքում խոսքն ավելի շատ հոգեբանական ճնշման մասին է, քան ֆիզիկական: Ինչ վերաբերում է կանանց նկատմամբ ընտանեկան բռնությանը, ապա հիմնականում դրանք ծեծն ու թեթեւ մարմնական վնասվածքներն են: 

Ըստ մամուլի ասուլիսի երկրորդ բանախոս, հոգեբան Իրինա Ծատուրյանի, որի հետ համաձայնել է նաեւ Նելլի Դուրյանը, այլ երկրների համեմատ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը սակավաթիվ են: Կան առանձնահատկություններ, ասենք, մի քանի սերունդների համատեղ բնակվելը, որը խնդրահարույց իրավիճակ է ստեղծում, կամ էլ հարս-սկեսուր չկայացած հարաբերությունները:  Սակայն ընդհանուր առմամբ իրադրությունը ավելի լավ է, քան շատ այլ երկրներում: Սակայն փորձագետները նշել են, որ  կատարելությունը սահման չունի, եւ լավ իրավիճակն էլ կարելի է էլ ավելի բարելավել: